Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահին հորդորել է մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը և ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով։
Ըստ IRNA գործակալության`Իլհամ Ալիևի հետ այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել, մինչդեռ Իսրայելի ռեժիմը գործել է միջազգային իրավունքի խախտմամբ՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները:
Ի պատասխան, ըստ լրատվական գործակալության, Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Իսրայելի հարձակումների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ՝ վերահաստատելով Ադրբեջանի հարգանքը Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ալիևը նաև հերքել է մեղադրանքները, թե Ադրբեջանի օդային տարածքը իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից օգտագործվել է Իրանին հարվածելու համար:
«Ադրբեջանի կառավարությունը լիովին վերահսկում է իր օդային տարածքը և երբեք թույլ չի տա, որ այն օգտագործվի Իրանի դեմ», - ասել է Ալիևը: