Մատչելիության հղումներ

Ալիևը հերթական մեղադրանքներն է ուղղել Հայաստանին. ՔՊ-ից արձագանքում են

Լրացված

Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել է «ռազմական հանցագործ պետություն»: Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված հերթական մեղադրանքներին:

Երեկ Մինգեչաուրի շրջանում էլեկտրակայանի բացմանը Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանը ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում հրետակոծել է ադրբեջանական քաղաքներ, սպանել խաղաղ բնակիչներին: Ըստ նրա՝ Երևանի նպատակն էր կաթվածահար անել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները:

«Այս տարածքի վրա ընկած արկերն ու հեռահար հրթիռները դրա ապացույցն են: Սա ագրեսիա էր քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ: Սա ռազմական հանցագործություն է: Հայաստանի ռազմական հանցագործությունները սրանով չեն սահմանափակվում», - ասել է Ալիևը:

Մինչ արտգործնախարարությունը լուռ է, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ՔՊ-ական անդամ Հասմիկ Հակոբյանն է արձագանքում Ալիևի մեղադրանքներին: Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դատապարտելի են և չեն բխում խաղաղություն հաստատելու օրակարգից:

«Եթե մենք հետ գնանք ու սկսենք մեկնաբանություններ տալ, ապա շատ մոտ է՝ ընդամենը 1-2 տարի առաջ էր, որ թիրախավորվեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտները, մարդիկ, էթնիկ զտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, հայաթափվեց 100 հազարից ավելի բնակչություն ունեցող տեղանք, և եթե մենք այս հռետորաբանությամբ գնանք, ապա շատ ավելի թարմ իրադարձություններ կան, որոնք կարող ենք մատնանշել», - ասաց Հակոբյանը:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունից հետո Հայաստանի իշխանությունը Արցախի հարցը հանել է բանակցային օրակարգից: Հասմիկ Հակոբյանն այսօր շեշտեց, թե իրենք քաղաքական կամք և վճռականություն են ցուցաբերել, նստել բանակցությունների՝ խաղաղության օրակարգի շուրջ: Պատգամավորը, սակայն, չթաքցրեց՝ Ադրբեջանն այս հարցում կառուցողական չէ:

«Այս դեպքում, իհարկե, ավելի է բարդանում, բայց հենց խաղաղության համաձայնագիր ունենալը, 17 կոտորը ֆիքսելը, դրա տակ ստորագրելը հենց այն պատճառով է, որ մի կողը կառուցողական չի տրամադրված, դրա համար էլ մեզ պետք է հավելյալ երաշխիք, օրինակ, կնքված փաստաթուղթ երկրի ղեկավարի կողմից, իրանց կողմից», - ասաց Հակոբյանը:

Բացի Գյանջան, Աղդամը, Բարդան և Թարթարը հրետակոծելու մեղադրանքները, Ալիևը երեկ հերթական անգամ հիշել է նաև Խոջալուի դեպքերը: ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ասում է՝ հայ բանակցողները կարևորում են այն, թե ինչ է Ալիևը խոսում բանակցությունների սեղանի շուրջ:

«Ինքը ինչ-որ տեղերում ինչ հայտարարություններ է անում, դա ուղղված է իր ներքին լսարանին, թե ում, դա, ինձ թվում է, ավելի շատ երկրորդական է, և կարոևոր է բանակցությունների սեղանին ինչ խոսակցություն է գնում: Իսկ Ալիևի հրապարակային, իր լսարանի համար արված հայտարարությունների գերակշիռ մասը տեղ չեն գտնում դեմ առ դեմ խոսակցությունների ժամանակ», - ընդգծեց նա:

Այս բոլոր դրվագները, մինչդեռ հիշատակվում են Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունների ընթացքում: Ընդ որում՝ վերջինը նախօրեին էր, երբ ըստ ադրբեջանական «Ազերթաջ»-ի՝ դատավարության ընթացքում Բաքվի զինվորական դատարանը դարձյալ փորձել է «ցուցմունքներ ստանալ Գյանջայի ռմբակոծության» վերաբերյալ:

Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անդրադառնալով հրապարակումներին, թե «Արցախի նախագահը հրամայել է Գյանջա քաղաքը ռմբակոծել», Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ինքը նման հրաման չի տվել, քանի որ նման լիազորություն չի ունեցել։ Այս դատավարությունների մեկնարկից հետո տարբեր փորձագետներ պնդում են՝ Բաքուն փորձելու է հայ գերիներից ցուցմունքներ կորզել՝ հետագայում միջազգային ատյաններում Հայաստանին որպես օկուպանտ ու ագրեսոր ներկայացնելու համար:


XS
SM
MD
LG