Մատչելիության հղումներ

Իշխանություն-եկեղեցի հակամարտությունը թեժանում է. ՔՊ-ից կաթողիկոսին վեհարանից «դուրս շպրտելու» մասին են հայտարարում


Ահաբեկչության նախապատրաստության քրեական գործի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա աջակիցների կալանավորմանը զուգահեռ իշխանություն-եկեղեցի հակամարտությունն էլ ավելի է թեժանում: Իշխանության շարքերից արդեն բաց տեքստով հայտարարում են՝ կաթողիկոսին պետք է՝ «դուրս շպրտել» վեհարանից:

Վերջին շաբաթներին բարձրաստիճան հոգևորականներին թիրախավորող իշխող թիմին էլ ավելի է բորբորքել Մայր Աթոռի երեկվա հայտարարությունը: Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով էր հրավիրել, քննարկել օրվա իրադարձություններն ու սլաքներն իշխանությունների կողմը թեքելով՝ խորը մտահոգություն հայտնել Գալստանյանի ու մյուսների նկատմամբ սկսված իրավապահների գործողությունների առնչությամբ:

«Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին», - ասված է հայտարարության մեջ:

Ըստ Մայր Աթոռի՝ իշխանությունները դիտավորյալ այս գործն արհեստականորեն փորձում են Եկեղեցու հետ կապել ու շահարկել Մայր Աթոռի անունը, ինչը «ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում»:

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը», - նշել է Գերագույն հոգևոր խորհուրդը:

Ամենակարկառուն իշխանականներն այս հայտարարությանն արձագանքեցին կայծակնային արագությամբ. Մայր Աթոռի հրապարակումը Ֆեյսբուքում հայտնվեց 21:42-ին, ուղիղ 8 րոպե անց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի էջում նոր թարմացում եղավ. «Եթե մինչ այս Կտրիճին պետք էր դուրս հրավիրել Վեհարանից, ապա տեռորիստներին աջակցող հայտարարությունից հետո պետք է դուրս ՇՊՐՏԵԼ: Մայր Աթոռը քո համար Ալ Քայիդայի շտաբ-բնակարանը չէ»:

Ի՞նչ եղանակով են «դուրս շպրտելու» կաթողիկոսին, իրավապահների խուզարկությունները Մայր Աթո՞ռ էլ կհասնեն, ուժային գործողություններ կլինե՞ն, պատգամավորը չի մանրամասնել, փոխարենն արդեն այսօր վարչապետ Փաշինյանը գրեց՝ քրիստոնեաբար. «Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։ Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար։ Վեհարանը՝ վեհի»։

Երեկվանից նման հրապարակումներ են անում նաև իշխանական այլ պատգամավորներ, Սարգիս Խանդանյանն, օրինակ, պնդում է՝ Գերագույն հոգևոր խորհուրդն ու մի շարք ընդդիմադիր ուժեր արդարացնում և աջակցում են ահաբեկչությանը ու հայտարարում՝ պետք է քննարկել «այս խմբավորումների գործունեության նպատակահարմարությունը ժողովրդավարական հանրության մեջ»:

XS
SM
MD
LG