Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանն ապամոնտաժում է վահանակները, որոնց վրա Սամվել Կարապետյանի լուսանկարներն են


Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից հեռացնում են գովազդային էկրանները, որոնց վրա գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարն էր ու գրառումը՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին»: Գովազդային վահանակները տեղադրված էին գործարարին պատկանող «Տաշիր սթրիթ» մոլի մուտքերի մոտ:

Ի՞նչն է խնդիրը, որ քաղաքային իշխանությունն ապամոնտաժել է կենտրոնական պողոտային գովազդային վահանակները: Քաղաքապետարանի խոսնակի բացատրությամբ գովազդի տեղադրման չափորոշիչներին չեն համապատասխանել: Օրինակ՝ ի՞նչն է խախտվել, էկրանների չա՞փն էր խնդիրը, թե՞ գրառումը, հարցրինք Հայկ Կոստանյանին: Կոնկրետ չափորոշիչ, որը խախտել են, մամուլի խոսնակը չնշեց:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը պնդում էր, թե ինքնակամ են տեղադրել վահանակները: Կարապետյանի կողմնակիցները հիմնավորում էին՝ փաստաթղթեր ունեն, որ կարող են տեղադրել, տարածքն էլ մասնավոր է ու իրավունք չունեն հեռացնել վահանակը:

Չնայած փաստաթղթերին, քաղաքապետարանի աշխատակիցներն ապամոնտաժեցին վահանակները:

Օրեր առաջ էլ, երբ կալանավորում էին ռուսաստանաբնակ գործարարին, նրա բիզնեսներից «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղեր փակվեցին: Սննդի անվտանգության տեսչությունը օպերատիվ ստուգումներ էր անում ու խախտումներ արձանագրում: Անգամ տեսչությունից էին «Ազատության» հետ զրույցում հաստատել, որ այս մասշտաբի խախտումներ նախկինում չեն հայտնաբերել, այս քանակով մասնաճյուղերի աշխատանքը չէին դադարեցրել: «Տաշիր գրուպ»-ի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ 250 աշխատատեղ է փակվել:

«Տաշիր» ընկերությունների սեփականատերը Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից երեկ են տեղափոխել: Տեսակցությունները սահմանափակված են, միայն մերձավոր ազգականները կարող են տեսակցել՝ ամիսը երկու անգամ:

Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը պաշտպանական խումբը քննարկում է հրատապ կարգով բողոքարկել Եվրոպական դատարանում, «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանական խմբից Ռուբեն Հակոբյանը:

Թե երբ կդիմեն միջազգային ատյաններ, դեռ չեն հստակեցնում: Փաստաբաններից Արամ Վարդևանյանն է այս հարցով զբաղվում, նա էլ երկու օր է՝ մեր զանգերին ու հարցերին չի արձագանքում: Պաշտպանական խումբը դիմել էր Վերաքննիչ դատարան, բայց մեկ օր անց հրաժարվեց՝ դատավորին չվստահելու հիմնավորմամբ: Գործը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին:

Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց վեց օր առաջ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի համար: Քրեական գործը շինծու է, ապօրինի, աբսուրդ, պնդում է Կարապետյանի պաշտպանական խումբը, կատարվողը որակում են քաղաքական հետապնդում: Անգամ կալանքի խիստ ռեժիմը անհամաչափ է առաջադրված հոդվածի դեպքում, որ միջին ծանրության է, ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Փաստաբաններից Արամ Վարդևանյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե դատարանի որոշման մեջ հիմնավորված չէ՝ ինչո՞ւ է ծայրահեղ միջոցը՝ կալանքը կիրառվել և ինչո՞ւ այդ ռեժիմով: Գործարարին առաջադրված հոդվածով պատիժը տուգանքով է կամ ազատազրկմամբ: Նախատեսված է մեկ ամսից մինչև երեք տարվա ազատազրկում կամ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:

Ռուսաստանաբնակ գործարարի կալանքին ակտիվ արձագանքում են Մոսկվայից: Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է և Մոսկվան Երևանի հետ կապի մեջ է այդ հարցը, այսօր ասել է Կրեմլի խոսնակը:

Իշխանամերձ շրջանակները Սամվել Կարապետյանին համարում են Կրեմլի պրոեկտ և մեկնաբանում են, թե նրա միջոցով Ռուսաստանը ձգտում է իշխանափոխություն անել Հայաստանում: Այս մեղադրանքը մանիպուլացիա է որակել Կարապետյանի եղբոր որդին:

Չնայած Սամվել Կարապետյանի կարճ տեսանյութը Փաշինյանի արշավից եկեղեցին պաշտպանության մասին էր, բայց վարչապետը «Հեղաշրջման պլանի» շրջանակում այսօրվա իր գրառումներում նաև նրա անունն էր հիշատակում, թե դա կատարվելու էր՝ «Կտրիճի օրհնությամբ ու սամոների աջակցությամաբ»: Նիկոլ Փաշինյանը նկատի ունի կաթողիկոսին ու Սամվել Կարապետյանին: Կարապետյանները Փաշինյանի այս գրառումներին դեռ չեն արձագանքել:





XS
SM
MD
LG