Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր ուղիղ չպատասխանեց հարցին՝ արդյոք ստամբուլյան բանակցությունների ընթացքում արձանագրվե՞լ է, որ Թուրքիան չի աջակցում «Զանգեզուրի միջանցքի» բացման ադրբեջանական պատկերացումներին:
Անցած շաբաթավերջին վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Ստամբուլ էր մեկնել նաև Կոստանյանը: Նա հաստատեց, որ այցի ընթացքում քննարկվել է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: Վարչապետի գրասենյակը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, թե Փաշինյանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ մտքեր են փոխանակվել: Ոչ մի հստակություն Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ:
«Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ դիրքորոշումը, որ կոմունիկացիաները պետք է անցնեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած բոլոր շահարկումներին, որ այցից առաջ և հետո մամուլում տեղ են գտել», - ասաց նա:
Ադրբեջանը անխոչընդոտ՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության կապ է պահանջում Հայաստանից, սա փաթեթավորում է որպես «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու պահանջ: «Զանգեզուրի միջանցք» բացելու Ադրբեջանի գաղափարին նաև Թուրքիան է ձայնակցում:
Երևանը անցման պարզեցված ընթացակարգեր էր առաջարկել, որին մոտ 8 ամիս Բաքվից պաշտոնական պատասխան չի ստանում:
«Խաղաղության խաչմերուկին» ինչպիսի՞ն էր Էրդողանի տեսակետը, թուրքական կողմի համար Հայաստանի առաջ քաշած, այդ թվում՝ ինքնիշխանության սկզբունքով ճանապարհները բացելու դիրքորոշումն արդյոք ընդունելի՞ է. այստեղ էլ փոխարտգործնախարի գնահատականն ընդհանուր էր՝ թուրքական կողմի համար ընկալելի, ըմբռնելի են Երևանի դիրքորշումները, ասաց Կոստանյանը: Պնդեց՝ Թուրքիայից չեն լսել անարգել անցման ադրբեջանական նույն հայտարարությունները:
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, բնականաբար, ներկայացվեց, ՀՀ-ի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից», - հավելեց Կոստանյանը:
Խաղաղության պայմանագիրը ևս, ըստ փոխարտգործնախարարի, Փաշինյան-Էրդողան խոսակցության թեմա էր: Փոփոխություններ կողմերի դիրքորոշումներում չկա՝ Բաքուն ստորագրման նախապայմաններից չի հրաժարվում, Երևանը կնքման օր ու ժամի առաջարկի է սպասում: Կոստանյանն ասում է՝ խաղաղության պայմանագրի հարցով վերջին քննարկումը տեղի է ունեցել Տիրանայում՝ երկու ղեկավարների միջև:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մինչդեռ այդ հանդիպումից հետո խոսել է պայմանագրի ստորագրման հարցով դիվանագիտական խողովակով խորհրդակցությունների մասին: Թե ի՞նչ հանդիպման, ո՞ր պաշտոնյաների միջև, Կոստանյանը չի հստակեցրել:
Լուրերը, թե Փաշինյանի հետ հանդիպմանը Էրդողանը ադրբեջանցիների վերադարձի հարց է բարձրացրել, փոխարտգործնախարարը իրականությանը չհամապատասխանող որակեց: Հայաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված ամենաշոշափելի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար 93-ից փակ սահմանը բացելուն է վերաբերում, որը 3 տարի է կյանքի չի կոչվում: Այս հարցով ի՞նչ տեղաշարժ, Կոստանյանն ասաց. «Կողմերը նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք»:
Փաշինյանի պատմական որակվող ստամբուլյան այցից հետո հստակ պայմանավորվածությունների մասին չհաղորդվեց: Այսօր փոխարտգործնախարարն ասաց՝ հանդիպմանն արձանագրվեց՝ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, լրագրողի ճշտող հարցից պարզվեց՝ խոսքը մերձավորարևելյան խնդիրներին է վերաբերում: