Մատչելիության հղումներ

Պենտագոնը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է իրականացվել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը


Պենտագոնն ԱՄՆ օրենսդիրներին մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է պատրաստվել ու իրականացվել Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակումը: Չնայած զինվորականները որոշ նոր տեղեկություններ են տրամադրել, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, որևէ նոր ապացույց չի ներկայացվել, թե որքան արդյունավետ է եղել գործողությունը Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու առումով:

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Իրանը հարձակումից առաջ Ֆորդոյի օբյեկտից այլ վայր է տեղափոխել բարձր հարստացված ուրանը, ասել է, որ նման տեղեկության չի տիրապետում:

«Ես տեղյակ չեմ որևէ հետախուզական տեղեկության մասին, որն ուսումնասիրել եմ, և որում ասվում է, որ ինչ-որ բան այնտեղ չի եղել, որտեղ պետք է լիներ, տեղաշարժվել է կամ այլ բան», - նշել է Հեգսեթը։

Պենտագոնի բրիֆինգին մասնակցած հանրապետական սենատոր Թոմ Քոթթոնն ասել է, որ անկասկած ԱՄՆ-ն մեծ հարված է հասցրել Իրանի միջուկային ծրագրին, ինչը տարիներ շարունակ ավելի անվտանգ կդարձնի թե՛ Ամերիկան, թե՛ ողջ աշխարհը։

«Կարծում եմ՝ մենք աղետալի վնաս ենք հասցրել Իրանի միջուկային ծրագրին: Դա, իհարկե, չի նշանակում, որ նրանք չեն կարող փորձել այն վերականգնել որոշ ժամանակ անց», - ընդգծել է սենատորը:

Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին էլ ասել է, որ դատելով այն ամենից, ինչ ներկայացրել են Պենտագոնի ներկայացուցիչները, Իրանի ծրագիրը կարծես միայն մի քանի ամսով է հետ մղվել, սակայն չի ոչնչացվել, ինչպես հայտարարում է ԱՄՆ ղեկավարությունը:

«Անկասկած, ծրագրին վնաս է հասցվել, բայց պնդումները, թե ոչնչացրել ենք այն, պարզապես չեն հիմնավորվում: Չեմ կարծում, որ նախագահը ճշմարտությունն էր ասում, երբ պնդում էր, որ ծրագիրը ոչնչացվել է … դեռ զգալի կարողություններ մնում են», - ասել է Մերֆին։


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն էլ ասել է, որ սխալ կլիներ բաց թողնել Իրանին հարվածելու առիթը: Ըստ նրա՝ եթե չհարվածեին, ապա դա կարող էր հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին: Սենատորի համոզմամբ՝ Իրանի հետ մեղմ վարվելու դեպքում, այն կշարունակի իր միջուկային ծրագիրը. «Հնարավոր չէ կրոնական նացիստների հետ խոսելով նրանց ստիպել, որ հրաժարվեն իրենց միջուկային նկրտումներից։ Նրանց պետք է թուլացնել։ Նրանց պետք է ծնկի բերել»:

CNN-ը, հղում անելով իրազեկ չորս աղբյուրի, գրում է, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանին: Այդ նպատակով, ըստ լրատվամիջոցի, Վաշինգտոնը մտադիր է մեղմել պատժամիջոցները, ապա սառեցնել Իրանին պատկանող միլիարդավոր դոլարներ, սառեցված միջոցներից Թեհրանին հասանելիություն տրամադրել 30 մլրդ դոլարի նկատմամբ, որը պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի արտադրության համար:

Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ այժմ ԱՄՆ-ի հետ հանդիպելու ծրագիր չունեն, և հերքել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև հաջորդ շաբաթ բանակցություններ են նախատեսված:

«Բանակցությունները վերսկսելու վերաբերյալ որևէ համաձայնություն այս պահին ձեռք չի բերվել։ Հստակ հայտարարում եմ, որ որևէ խոստում չի տրվել, և մենք ընդհանրապես չենք խոսել բանակցությունների վերսկսման մասին», - հայտարարել է Արաղչին։

Իրանի արտգործնախարարը խոստովանել է, որ միջուկային օբյեկտներին «լուրջ» վնաս է հասցվել՝ հավելելով, որ վնասը դեռ գնահատվում է, թեև Իրանի գերագույն առաջնորդը երեկ պնդում էր, որ ամերիկյան հարվածները չեն խաթարել երկրի միջուկային ծրագիրը:

Այս ֆոնին Իրանի Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը դադարեցնելու ծրագրին, որ օրեր առաջ հաստատել էր խորհրդարանը՝ պատճառաբանելով, որ գործակալությունը չի դատապարտել երկրի միջուկային օբյեկտներին Իսրայելի ու ԱՄՆ-ի հարվածները:

Իսրայելի և Իրանի միջև հաստատված հրադադարից 4 օր անց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հաղթանակը խաղաղության դռներ է բացում, որն Իսրայելը չպետք է վատնի. - «Մենք ուժով պայքարել ենք Իրանի դեմ և մեծ հաղթանակի ենք հասել։ Այդ հաղթանակը հնարավորություն է բացում խաղաղության համաձայնագրերի էական ընդլայնման համար։ Մենք եռանդուն աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ»:

Իսկ Իրանում մարդիկ փորձում են ուշքի գալ 12-օրյա պատերազմից, վերականգնողական աշխատանքներ անում, գնահատում պատճառած վնասը և սարսափով հիշում փորձությունները, որոնց միջով ստիպված եղան անցնել:


XS
SM
MD
LG