Խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով տնային կալանքի տակ գտնվող Սամվել և Սեյրան Դարբինյաններն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Նրանց փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է, թե մեղադրանքն ակնհայտ անհիմն ու ապօրինի է, Դարբինյանների տնային կալանքի որոշումն էլ՝ անհամաչափ խիստ:
«Խիստ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունն առհասարակ չկար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
6 տարվա նախաքննությունից հետո մեկ օրում Քննչական կոմիտեն որոշել էր մեղադրանք առաջադրել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու նրա եղբորը: Նրանք նույն օրն իսկ ձերբակալվեցին ու արդեն երկու օր տնային կալանքի տակ են: Իրավապահները հայտնում են, որ Սամվել Դարբինյանը դեռ 15 տարի առաջ՝ քաղաքապետ եղած տարիներին, համայնքին պատկանող կեղտաջրերի մաքրման չգործող կայանի շենք-շինություններն իր մտերիմի անունով է սեփականացրել, խողովակներն ու սարքավորումներն էլ ապամոնտաժել ու Դարբինյան եղբայրների սեփականությունը հանդիսացող «Մարցիգետ» հիդրոէլեկտրակայան են տեղափոխել:
«2010-11 թթ. Դարբինյանը, հանդիսանալով համայնքի ղեկավար, իր հետ փոխկապակցված ընկերության հետ կնքել է մաքրման կայանի խողովակները ապամոնտաժելու պայմանագիր։ Այնուհետև յուրացման եղանակով հափշտակել է խողովակաշարը և օգտագործել իր ու իր ընտանիքին պատկանող ՀԷԿ-ի շինարարության մեջ։ Խողովակների ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպել է այն իբրև ձեռքբերում՝ այդ կերպ խեղաթյուրելով գույքի հանցավոր ծագումը», - նշել է իրավապահ մարմինը։
2010-11 թվականներին տեղի ունեցած ենթադրյալ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել 2019-ին, ու վեց տարի անց է միայն այս գործով մեղադրանք առաջադրվել ու կալանքի որոշում կայացվել, շեշտում է փաստաբան Ռուբեն Հակոբյանն ու պնդում, թե «նախաքննության 6 տարիներին գործն ավարտին հասցնելու ողջամիտ ջանասիրություն չի դրսևորվել»:
«19 թվականից գործ էր հարուցված, բա քննեցին, քննեցին, հենց հունիսին որոշեցին մեղադրանք ներկայացնե՞լ», - նշեց նա:
Դեռ տարիներ առաջ դատախազությունից պարբերաբար ասում էին, թե փորձաքննություն է ընթանում՝ պարզելու՝ արդյո՞ք ավելի քան կես միլիոն դոլար արժողության մաքրման կայանի խողովակներն ու սարքավորումներն օգտագործվել են Դարբինյանների սեփական ՀԷԿ-ում, թե՞ ոչ: Դատախազությունից հայտնում են, որ փորձաքննության պատասխաններն արդեն ստացվել են, ու որ դրանից հետո է Դարբինյաններին մեղադրանք առաջադրվել: Մինչդեռ փաստաբանը պնդում է, թե փորձագետի եզրակացությունը որևէ կերպ չի հիմնավորել, թե մաքրման կայանի խողովակներն են Դարբինյանների արդեն նախկին ՀԷԿ-ում:
«Նման ապացույց քրեական վարույթի նյութերում առկա չէ, փորձագետի եզրակացությամբ այդպիսի հետևություն առկա չէ, հակառակն է ապացուցվել: Ինչ նշված է, ասում եմ՝ Դարբինյանները որևէ առնչություն չունեն մաքրման կայանում նկարագրված գործողությունների հետ», - շեշտեց նա:
«Ազատություն»-ը դեռ 2022-ին Դարբինյանների սեփական ՀԷԿ-ի կասկածելի վաճառքի մասին տեղեկություններ էր հրապարակել:
Մինչ քննիչները կպարզեին՝ ինչպես է Վանաձորում դեռ խորհրդային տարիներին կառուցված ու այդպես էլ չշահագործված մաքրման կայանը թալանվել, ինչ կապ ունի դրա հետ Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանը, ու արդյո՞ք թալանված խողովակները նրա սեփական հիդրոկայանի համար են օգտագործվել, հանկարծ հայտնի դարձավ, որ Դարբինյան եղբայրները ՀԷԿ-ի տնօրինող Արգիշտի-2 ընկերությունը վաճառել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդուն: Հենց առուվաճառքի օրը տնօրեն էր դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։
Պետական ռեգիստրի տվյալներով այս տարվա ապրիլին ՀԷԿ-ը տնօրինող ընկերությունը վաճառվել է մեկ այլ սեփականատիրոջ: Վարչապետի եղբայրը 2023 թվականի հունիսից այլևս տնօրեն չէ:
Նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր ձերբակալությունից 4 օր առաջ Երևանում՝ դատարանի բակում էր եղել՝ աջակցելու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, որը կալանավորվեց իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով։ Մամուլի տվյալներով՝ նա այդ օրը մի քանի ժամ եղել է նաև Կարապետյանների առանձնատանը։