Զելենսկին հաստատել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով միջազգային նոր դատարան ստեղծելու ծրագիրը

Նախագահ Զելենսկին պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով միջազգային նոր դատարան ստեղծելու ծրագիրը, որը կգործի Ուկրաինայի և Եվրոպայի խորհրդի միջև կնքված համաձայնագրով։

Հատուկ տրիբունալի նպատակն է քրեական պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարներին՝ 2022-ի պատերազմից հետո տեղի ունեցած ռազմական հանցագործությունների՝ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծության, խաղաղ բնակչության սպանության, պատանդառության ու խոշտանգումների համար։

Տրիբունալի նպատակն է լրացնել միջազգային արդարադատության համակարգում առկա բացը, քանի որ այս պահին գործող միջազգային դատարանները, այդ թվում՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանը, իրավասու չեն կոնկրետ հանցագործությունների համար հետապնդել Ռուսաստանի քաղաքացիներին։

Մյուս կողմից, Ռուսաստանը չի արտահանձնում իր քաղաքացիներին, և դեռևս պարզ չէ՝ արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ կհայտնվի մեղադրյալի աթոռին, թե՝ ոչ․ միջազգային իրավունքի համաձայն՝ գործող պետությունների ղեկավարները և որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ կառավարության ղեկավարը և արտաքին գործերի նախարարը, անձեռնմխելի են։ Դա նշանակում է, որ Պուտինի դեմ ցանկացած հնարավոր մեղադրանք կարող է առաջ քաշվել միայն այն դեպքում, եթե նա պաշտոնից հեռանա։

Հաստատությունը կֆինանսավորվի մի շարք երկրների, այդ թվում՝ Նիդեռլանդների, Ճապոնիայի և Կանադայի կողմից։ Միացյալ Նահանգները նախկինում՝ նախագահ Ջո Բայդենի օրոք աջակցել են նախագծին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցել նախաձեռնությանը։