Մատչելիության հղումներ

Մերցը հորդորել է ԵՄ-ին ԱՄՆ-ի հետ «արագ և պարզ» առևտրային համաձայնագիր կնքել


ԵՄ-ն պետք է «արագ և պարզ» առևտրային համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ՝ «դանդաղ և բարդ» գործընթացի փոխարեն, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Նա ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ավարտին, որտեղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ-ն ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր առաջարկը՝ տրանսատլանտյան առևտրային վեճի շուրջ։

«Մենք ունենք ավելի քիչ, քան երկու շաբաթ մինչև հուլիսի 9-ը, և այդ ընթացքում բարդ առևտրային համաձայնագիր կնքել հնարավոր չէ», - ասել է նա լրագրողներին։

Մերցը նշել է, որ գերմանական արդյունաբերական ճյուղերը՝ քիմիական արտադրությունը, դեղագործությունը, մեքենաշինությունը, պողպատը, ալյումինն ու ավտոմեքենաները, արդեն բախվում են բարձր մաքսատուրքերի հետևանքով առաջացած ծանր բեռների, ինչի պատճառով բիզնեսները վտանգի տակ են հայտնվել։

Նա հավելել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է եվրոպացիներին ստեղծել նոր առևտրային կազմակերպություն, որը ժամանակի ընթացքում կարող է փոխարինել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որը վերջին տարիներին արդյունավետ չի գործում։

«Դեռ շատ նախնական փուլում գտնվող այս գաղափարը կարող է ներառել վեճերի լուծման մեխանիզմներ, ինչի համար էլ ի սկզբանե ստեղծվել էր ԱՀԿ-ն», - նշել է Մերցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ն է որպես վերջնաժամկետ սահմանել, որպեսզի ԵՄ-ն և այլ երկրներ ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերը նվազեցնելու գործարքի հասնեն։

Թրամփի կողմից ապրիլին հայտարարված «փոխադարձ» մաքսատուրքերի ծրագրի համաձայն՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ ժամանակավոր 10 տոկոս հավելյալ մաքսատուրքը կկրկնապատկվի՝ դառնալով 20 տոկոս, եթե մինչև այդ ժամկետը որևէ համաձայնություն չկայանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG